Դարձնենք մեր սրտերը դեպի մեր հայրերը

Նկարում ձախից աջ. Փայլակ Մարտիրոսյան (պապիկս), Վոլոդյա Մարտիրոսյան (քեռիս), Թամարա Մարտիրոսյան (տատիկս), Արթուր Մարտիրոսյան (քեռիս), Կարինե Նազարյան (մորաքույրս), Եղսաբերդ Մարտիրոսյան (մեծ տատիկս), Նինել մարտիրոսյան (մորաքույրս):

«Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալը: … Եվ նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ» (Ջ. Սմիթ պատմություն, հատվ. 38,39):

Վերջին երեք տարիների ընթացքում ես շատ հաճախ լսում էի Եկեղեցու ղեկավարության հորդորներն ու ուսմունքներն ընտանեկան պատմության կարևոր աշխատանքը կատարելու մասին: Այդ ժամանակից ի վեր իմ մեջ առաջացավ հետաքրքրություն ուսումնասիրելու և ճանաչելու իմ նախնիներին, իմանալու իմ ընտանիքի ծագումնաբանությունը: Բայց այդ ցանկությունն այդքան մեծ չէր իմ մեջ, մինչև ես լիովին չհասկացա դրա կարևորությունը փրկության ծրագրում: Երբ ութ ամիս առաջ ես կորցրեցի իմ սիրելի տատիկին, ով ուներ հավատք առ Հիսուս Քրիստոս և մկրտվելու ցանկություն, ես սկսեցի ավելի շատ խորհել այս աշխատանքի մասին: Տատիկս չհասցրեց մկրտվել: Մի՞թե էլ չեմ տեսնելու նրան: Իհարկե կտեսնեմ, քանզի մեր սիրառատ Երկնային Հայրը պատրաստել է բազում ուղիներ, որպեսզի Իր զավակներն ունենան փրկություն և գան Իր մոտ: Այս պատճառով Նա պատվիրել է կառուցել տաճարներ և ընտանեկան պատմության կենտրոններ: Ես սկսեցի ավելի լրջորեն զբաղվել ընտանեկան պատմությամբ: Տերը պատասխանում էր իմ բոլոր աղոթքներին: Նրա օգնությամբ իմ փնտրտուքները մեծ արդյունք էին տալիս: Ես կարողացա ձեռք բերել իմ նախնիների նամակները, կտակագրերը, ընտանեկան մի ծառ` կազմված իմ նախնիների կողմից և «Աշխարհով մեկ» հուշագրությունը` գրված Հայկ և Էմմա Արծիվների կողմից, որը տալիս է բավականաչափ տեղեկություն իմ նախնիների մասին, ովքեր ապրել են 1900-ական թվականներին: Այս գրքի հին թերթերը թերթելիս, հպվելիս այս հարյուրամյա նամակներին` իմ սիրտն այրվում էր, և աչքերիցս հոսում էին արցունքները: Ես զգում էի իմ սիրելի նախնիների ներկայությունը և ուրախությունը, այն հույսը, որ նրանք փայփայում էին խավարից դուրս գալու համար: Ես զգացի, որ իմ սիրտը դարձել է դեպի իմ նախնիները, և նրանց տված խոստումներն իմ սրտում սկսում էին ծիլեր արձակել:

Սա դեռ սկիզբն է: Ավելի շատ աշխատանք կա կատարելու ապագայում: Իմ հաջորդ քայլերից մեկը, որ պատրաստվում եմ կատարել մոտակա ժամանակում, յուրաքանչյուր նախնիի կարճ կենսագրությունն ու նկարը տեղադրելն է, որպեսզի իմ ապագա սերունդն իմանա իր նախնիների մասին, ինչը կօրհնի նրանց, ինչպես որ օրհնվել եմ ես: Կատարելով այս աշխատանքը այս մի քանի ամիսների ընթացքում` մեծ փոփոխություն եմ զգացել իմ ներսում: Ես ինձ զգում եմ մի շատ կարևոր և մեծ բանի մի մասնիկը: Ես սա համարում եմ իմ պարտականությունն ու օրհնությունը:

Ես վկայում եմ, որ առանց մեզ մեր նախնիները չեն կարող կատարյալ դառնալ, և ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:  

Լիանա Խումարյան