Ընտրվել են վկայելու իմ անվան համար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորում

1996 թվականին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ելույթ ունեցավ ազգային հեռուստատեսության նորությունների ծրագրում, որը կոչվում էր՝ 60 Րոպե։ Մայք Վոլասը, ով մի փորձառու և համառ լրագրող էր, Նախագահ Հինքլիին հարցեր էր տալիս տարբեր կարևոր թեմաներով։

Հարցազրույցի ավարտին պր. Վոլասը նշեց. «Կան մարդիկ, ովքեր ասում են, որ «Սա գերոնտոկրատիա է։ Սա մի եկեղեցի է, որը ղեկավարվում է տարեցների կողմից»։

Նախագահ Հինքլին ուրախ և առանց երկմտելու պատասխանեց. «Արդյո՞ք հրաշալի չէ, որ հասուն մարդ է ղեկավարում այն, դատող մի մարդ, ով չի աղավաղում և փոփոխում վարդապետությունը» (1996 թ. ապրիլի 7-ի հեռարձակում)։

Այսօրվա իմ ուղերձի նպատակն է բացատրել, թե ինչու է հրաշալի, որ հոգևոր հասունության և դատողության տեր տարեց մարդիկ են ծառայում Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու ղեկավար կոչումներում, և ինչու մենք պետք է «լսենք» և «ականջ դնենք» (Մոսիա 2.9) այդ մարդկանց ուսմունքներին, որոնք Տիրոջ կողմից «ընտրվել են վկայելու [Իր] անվան համար … բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ» (ՎևՈւ 112.1)։

Աղոթում եմ, որպեսզի այս կարևոր թեմայի քննարկման ժամանակ, մենք բոլորս ուսուցանվենք Սուրբ Հոգու կողմից։

Կյանքի դաս

Անկասկած, ես այս թեմայի մասին խոսում եմ խտրական տեսանկյունից։ Վերջին 11 տարիների ընթացքում իմ ֆիզիկական տարիքի առումով ես եղել եմ Տասներկուսի ամենաերիտասարդ անդամը։ Իմ ծառայության տարիներին Առաջին Նախագահությունում և Տասներկու Առաքյալների Քվորումում ծառայող տղամարդկանց միջին տարիքը 77 տարեկանն էր՝ այս տնտեսության 11 տարիների ընթացքում երբևէ պատահած Առաքյալների ամենամեծ միջին տարիքը։

Ես օրհնվել եմ քվորումի այն անդամների առաքելական, անձնական և մասնագիտական միացյալ փորձառությամբ ու գաղափարներով, որոնց հետ ծառայել եմ։ Երեց Ռոբերտ Դ. Հեյլզի հետ ունեցած իմ փոխհարաբերությունը ցույց է տալիս այն ուշագրավ հնարավորությունները, որ ես պետք է սովորեմ այս առաջնորդներից և ծառայեմ նրանց հետ:

Տարիներ առաջ ես մի կիրակի հյուրընկալվել էի Երեց Հեյլզի տանը, երբ նա ապաքինվում էր լուրջ հիվանդությունից։ Մենք զրուցեցինք մեր ընտանիքների, քվորումում մեր պարտականությունների և կարևոր հարցերի շուրջ։

Զրույցի ընթացքում ես հարցրեցի Երեց Հեյլզին. «Դուք եղել եք հաջողակ ամուսին, հայր, մարզիկ, օդաչու, գործարար և Եկեղեցու ղեկավար։ Ի՞նչ դասեր եք քաղել, երբ հասակ եք առել և սահմանափակվել ֆիզիկական ունակություններով»։

Մի պահ դադար տալուց հետո Երեց Հեյլզը պատասխանեց. «Երբ դու այլևս չես կարողանում անել այն, ինչ միշտ անում էիր, ապա սկսում ես անել այն, ինչն ամենակարևորն է»։

Ես զարմացա նրա պարզ ու սպառիչ պատասխանով։ Իմ սիրելի առաքյալ ընկերը իմ հետ կիսվեց կյանքի դասով՝ մի դաս, որը նա սովորել էր ֆիզիկական տառապանքների և հոգևոր որոնումների բովում։

Մարդկային սահմանափակումները և թուլությունները

Սահմանափակումները, որոնք տարիքն առնելու բնական հետևանք են, կարող են լինել հոգևոր ուսուցման և մտքերի հրաշալի աղբյուր։ Այն տարբեր գործոնները, որոնք շատերի կարծիքով կարող են սահմանափակել այդ ծառաների արդյունավետությունը, իրականում կարող են դառնալ նրանց ուժեղ կողմերը։ Ֆիզիկական սահմանափակումները կարող են ընդլայնել տեսլականը։ Սահմանափակ տոկունությունը կարող է հստակեցնել առաջնահերթությունները։ Շատ բաներ անելու անկարողությունը կարող է կենտրոնացնել մեծ կարևորություն ունեցող մի քանի բաների շուրջ։

Որոշ մարդիկ առաջարկել են, որ Եկեղեցուն անհրաժեշտ են ավելի երիտասարդ և ուժեղ ղեկավարներ, որպեսզի արդյունավետ կերպով կարողանան լուծել ժամանակակից աշխարհի լուրջ մարտահրավերները։ Սակայն Տերն Իր նպատակներն իրականացնելու համար չի օգտագործում ժամանակակից փիլիսոփայություն կամ գործելակերպ (տես Եսայիա 55.8–9)։ Մենք կարող ենք ակնկալել, որ Եկեղեցու Նախագահը և մնացած ավագ ղեկավարները կլինեն տարիքով և հոգեպես կոփված մարդիկ։

Իր Եկեղեցու խորհուրդների ղեկավարման Տիրոջ բացահայտած օրինակը նախատեսում և մեղմացնում է մարդկային թուլությունների ազդեցությունը։ Հետաքրքրական է, որ այդ մարդկանց մահկանացու սահմանափակումներն, ըստ էության, հաստատում են հայտնությունների այն աստվածային աղբյուրը, որը նրանք ստանում են և փոխանցում մեզ։ Իսկապես այդ մարդիկ հայտնությամբ կանչված են Աստծո կողմից (տես Հավատո հանգանակ 1.5)։

Պատրաստվածության օրինաչափությունը

Իմ եղբայրների մեջ ես նկատել եմ առնվազն Տիրոջ նպատակի մի մասը, թե ինչու է Նա ցանկանում, որ հասուն և դատող տարիքն առած տղամարդիկ ծառայեն Եկեղեցու ղեկավար կոչումներում։ Այդ մարդիկ տարիներ շարունակ ուսուցանվել են Տիրոջ կողմից, Ում նրանք ներկայացնում, ծառայում և սիրում են։ Նրանք սովորել են հասկանալ Սուրբ Հոգու աստվածային լեզուն և հայտնություն ստանալու Տիրոջ օրինաչափությունը։ Այս սովորական մարդիկ ենթարկվել են զարգացման արտասովոր գործընթացին, որը բարելավել է նրանց հասկացողությունը, իրազեկել է նրանց մտքերը, սեր է առաջացրել բոլոր ազգերի մարդկանց և հանգամանքների հանդեպ և հաստատել է Վերականգնման իրականությունը։

Ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են իմ Եղբայրները ձգտում ջանասիրաբար կատարել և մեծարել իրենց պարտականությունները՝ մինչ պայքարում են լուրջ ֆիզիկական խնդիրների դեմ։ Այդ մարդիկ ազատված չեն չարչարանքներից։ Փոխարենը՝ նրանք օրհնված և զորացված են, որպեսզի արիաբար առաջ շարժվեն չարչարանքներ կրելիս։

Ծառայելով Տիրոջ այդ ներկայացուցիչների հետ ես եկել եմ այն գիտակցմանը, որ նրանց մեծագույն ցանկությունը Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու կամքն իմանալը և իրականացնելն է։ Միասին խորհուրդ անելիս, մենք ոգեշնչվել և որոշումներ ենք կայացրել, որոնց շնորհիվ մենք այնպիսի գիտելիք և ճշմարտություն ենք ստացել, որը շատ հեռու է մարդկային բանականությունից, մտածելակերպից և փորձառությունից։ Դժվարին խնդիրների դեմ միասին աշխատելով՝ խնդրի հանդեպ մեր միացյալ ըմբռնումն աներևակայելի կերպով աճել է՝ Սուրբ Հոգու զորությամբ։

Ես օրհնված եմ, որ ամեն օր կարող եմ ականատես լինել այդ ղեկավարների անհատական հատկանիշներին, ունակություններին և ազնիվ բնութագրերին։ Որոշ մարդիկ կարծում են, որ Եղբայրների մարդկային թուլությունները մտահոգիչ և հավատքը թուլացնող են։ Ինձ համար այդ անկատարությունները ոգևորող և հավատքը խթանող են։

Լրացուցիչ դաս

Ես ականատես եմ եղել, թե ինչպես են իմ Եղբայրներից վեցը ֆիզիկական մահվան միջոցով անցում կատարել հոգևոր աշխարհի նոր պարտականություններին. Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը, Երեց Լ. Թոմ Փերին, Նախագահ Բոյդ Կ. Փաքերը և Երեց Ռիչարդ Գ. Սքոտը։

Այդ քաջարի Եղբայրներն իրենց «ողջ հոգին» նվիրել են՝ (Օմնի 1.26) ամբողջ աշխարհին Հիսուս Քրիստոսի անունը վկայելուն։ Ընդհանուր առմամբ, նրանց ուսմունքներն անգին են։

Այդ ծառաներն իրենց վերջին տարիներին մեզ հետ կիսվել են իրենց մահկանացու ծառայության հոգևոր դասերի զորեղ օրինակներով, որոնք նրանք սովորել են տասնամյակների նվիրված ծառայության շնորհիվ։ Այս ղեկավարները մեծ արժեք ներկայացնող ճշմարտությունները փոխանցում են այն ժամանակ, երբ ոմանք մտածում են, թե նրանք փոքրագույնն են տալիս։

Դիտարկենք սուրբ գրությունների զորեղ մարգարեների վերջին ուսմունքները. Օրինակ՝ Նեփին իր գրառումները հետևյալ խոսքերով է ավարտել. «Քանզի այսպես է պատվիրել ինձ Տերը, և ես պետք է հնազանդվեմ» (2 Նեփի 33.15)։

Իր կյանքի վերջին օրերին, Հակոբը հորդորեց.

«Ապաշխարեք և ներս մտեք նեղ դռնով, և շարունակեք այն անձուկ ճանապարհով, մինչև որ ձեռք բերեք հավերժական կյանք:

Օ՜, եղեք իմաստուն. ի՞նչ կարող եմ ասել ավելին» (Հակոբ 6.11–12)։

Մորոնին հարության հուսադրող ակնկալիքով ավարտեց թիթեղները նախապատրաստելու իր աշխատանքը. «Ես շուտով գնալու եմ՝ հանգիստ առնելու Աստծո դրախտում, մինչև որ իմ հոգին և մարմինը կրկին կվերամիավորվեն, և ես առաջ կբերվեմ հաղթական, օդի միջով՝ հանդիպելու ձեզ, մեծ Եհովայի՝ թե՛ ողջերի, թե՛ մեռածների Հավերժական Դատավորի հաճելի դատարանի առջև» (Մորոնի 10.34)։

Ես և դուք օրհնված ենք, որ կարող ենք սովորել վերջին օրերի սրբերի մարգարեների և առաքյալների վերջնական ուսմունքներից և վկայություններից։ Այսօրվա անունները Նեփի, Հակոբ և Մորոնի չեն, այլ՝ Նախագահ Ֆաուստ, Նախագահ Հինքլի, Երեց Վիրթլին, Երեց Փերի, Նախագահ Փաքեր և Երեց Սքոտ։

Ես չեմ ենթադրում, որ այս սիրելի մարդկանց վերջին ուղերձներն ամենաուշագրավը կամ ամենակարևորն էին նրանց ծառայության մեջ։ Սակայն, նրանց հոգևոր գիտելիքի և կյանքի փորձառության հանրագումարը թույլ են տվել այդ ղեկավարներին բացարձակ ճշգրտությամբ և մեծ թափանցող զորությամբ ընդգծել հավերժական ճշմարտությունները։

2007թ. ապրիլյան գերագույն համաժողովում հնչած իր վերջին ելույթի ժամանակ Նախագահ Ֆաուստն ասել է.

«Փրկիչն Իր Քավության շնորհիվ բոլորիս առաջարկել է թանկարժեք խաղաղությունը, սակայն դրան կարելի է հասնել, եթե մենք հեռու վանենք զայրույթի, չարության կամ վրեժի բացասական զգացմունքները … :

Եկեք հիշենք, որ ներվելու համար մենք պետք է ներենք։ … Իմ ողջ սրտով և հոգով հավատում եմ բուժիչ զորությանը, որը կարող ենք ստանալ, եթե հետևենք Փրկչի հետևյալ խորհրդին «ներել բոլոր մարդկանց» [ՎևՈւ 64.10]» (“The Healing Power of Forgiveness,”Liahona, May 2007, 69)։

Նախագահ Ֆաուստի ուղերձը կյանքի մի զորեղ դաս է, որը տվել է մի մարդ, ում ես սիրում եմ և ով իմ ճանաչած ամենաներողամիտ մարդկանցից մեկն էր։

2007թ. հոկտեմբերին տեղի ունեցած իր վերջին համաժողովի ժամանակ Նախագահ Հինքլին վկայեց. «Այսօր ես ձեզ հաստատում եմ իմ վկայությունը Մարգարե Ջոզեֆի կոչման, նրա գործերի մասին, որ նա իր արյամբ կնքեց իր վկայությունը որպես հավերժական ճշմարտության նահատակ։ … Ես և դուք կանգնած ենք Առաջին Տեսիլքը որպես ճշմարտություն ընդունելու պարզ հարցի և այն ամենի առաջ, ինչը հետևում է դրան։ Դրա իրական լինելու հարցի վրա է հիմնված այս Եկեղեցու վավերական լինելը։ Եթե դա ճշմարտություն է, իսկ ես վկայում եմ դա, ուրեմն այս աշխատանքը, որում մենք ներգրավված ենք, ամենակարևոր աշխատանքն է երկրի վրա» («Սարից մի քար կտրվեց» Լիահոնա, նոյ. 2007, 86)։

Նախագահ Հինքլիի վկայությունը հաստատում է կյանքի այն զորեղ դասը, որը տվել է մի մարդ, ում ես սիրում եմ և գիտեմ, որ Աստծո մարգարեն էր։

2008թ. հոկտեմբերին տեղի ունեցած գերագույն համաժողովի ժամանակ Երեց Վիրթլինը հղեց իր վերջին ուղերձը։

«Ես դեռևս հիշում եմ ինձ տված [մորս] խորհուրդը տարիներ առաջ այն օրը, երբ իմ ֆուտբոլային թիմը խաղը տանուլ տվեց. «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն»։

… Ձախողումը, եթե դրան ճիշտ վերաբերվես, կարող է օրհնություն լինել մեր կյանքում։ …

Եթե հումորով նայենք, հավերժական հեռանկար փնտրենք, հասկանանք փոխհատուցման սկզբունքը և ավելի մոտենանք մեր Երկնային Հորը, մենք կարող ենք կրել դժվարությունը և փորձությունը: Մենք կարող ենք ասել, ինչպես մայրս. «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» («Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» Լիահոնա, նոյ. 2008, 28)։

Երեց Վիրթլինի ուղերձը կյանքի մի զորեղ դաս է, որը տվել է մի մարդ, ում ես սիրում եմ և ով Փրկչի հանդեպ հավատքի միջոցով դժվարությունները հաղթահարելու կենդանի օրինակ էր։

Վեց ամիս առաջ Երեց Փերին կանգնած էր այս բեմահարթակի վրա։ Այդ ժամանակ մենք չէինք մտածում, որ նրա վկայությունը կլինի վերջին վկայությունը գերագույն համաժողովի ժամանակ։

«Թույլ տվեք ավարտել, վկայություն բերելով (և իմ ինը տասնյակ տարիներն այս երկրի վրա լիովին որակավորում են ինձ ասելու դա), որ որքան ես մեծանում եմ, այնքան ավելի եմ գիտակցում, որ ընտանիքը կյանքի առանցքն է և հավերժական երջանկության բանալին։

Ես շնորհակալ եմ իմ կնոջ համար, իմ երեխաների համար, թոռներիս ու ծոռներիս, և … ընդլայնված ընտանիքիս համար, ովքեր դարձնում են իմ սեփական կյանքն այսքան հարուստ, և, այո՜, նույնիսկ հավերժական։ Այս հավերժական ճշմարտության մասին ես բերում եմ իմ ամենաամուր և ամենասուրբ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն» («Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամբողջ աշխարհում», Լիահոնա, մայ. 2015, 42)։

Երեց Փերիի ուղերձը կյանքի մի զորեղ դաս է, որը տվել է մի մարդ, ում ես սիրում եմ և ով հարուստ փորձի շնորհիվ հասկացավ ընտանիքի և հավերժական երջանկության միջև հիմնական կապը։

Վեց ամիս առաջ գերագույն համաժողովում Նախագահ Փաքերն ընդգծեց երջանկության Հոր ծրագիրը, Փրկչի Քավությունը և հավերժական ընտանիքները.

«Ես բերում եմ վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է և կենդանի Աստծո Որդին: Նա կանգնած է Եկեղեցու գլխին: Նրա Քավության միջոցով և Քահանայության զորությամբ ընտանիքները, որոնք սկսվել են մահկանացու կյանքում, կարող են միասին լինել հավերժությունների մեջ։ …

Ես այնքան երախտապարտ եմ … Քավության համար, որը կարող է մաքուր լվանալ ամեն բիծ, անկախ նրանից, թե որքան դժվար կամ որքան երկար կամ որքան անգամներ է կրկնվել։ Քավությունը կարող է ձեզ ազատ դարձնել կրկին առաջ շարժվելու, մաքրությամբ և արժանավորությամբ» («Երջանկության ծրագիրը»,Լիահոնա, մայ. 2015, 28)։

Նախագահ Փաքերի վերջին ուղերձը կյանքի մի զորեղ դաս է, որը տվել է մի մարդ, ում ես սիրում եմ և ով համառորեն և անընդհատ կրկնել է, որ «Եկեղեցում ողջ գործունեության [նպատակն] է տեսնել, որ տղամարդը և կինը իրենց երեխաներով երջանիկ են տանը, կնքված միասին ժամանակի և ողջ հավերժության համար» (Լիահոնա, մայ. 2015, 26)։

Երեց Սքոտը 2014թ. հոկտեմբերին տեղի ունեցած իր վերջին գերագույն համաժողովի ժամանակ հայտարարել է. «Մենք մահկանացու կյանք ենք եկել հատկապես փորձություններից ու փորձվելուց աճելու համար։ Դժվարությունները մեզ օգնում են ավելի նմանվել մեր Երկնային Հորը, և Հիսուս Քրիստոսի Քավությունը այդ դժվարությունները տանելի է դարձնում։ Ես վկայում եմ, որ եթե մենք ակտիվորեն գանք դեպի Նա, մենք կդիմանանք ամեն գայթակղության, ամեն կսկիծի, ամեն մեր հանդիպած դժվարության» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը»,Լիահոնա, նոյ. 2014, 94)։

Երեց Սքոտի ուղերձը կյանքի մի զորեղ դաս է, որը տվել է մի մարդ, ում ես սիրում եմ և ով Քրիստոսի անվան հատուկ և սիրելի վկան է ողջ աշխարհում (տես ՎևՈւ 107.23)։

Խոստում և վկայություն

Փրկիչը հայտարարել է. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (ՎևՈւ 1.38)։ Թող որ մենք լսենք և ականջ դնենք այն հավերժական ճշմարտություններին, որոնք ուսուցանվում են Տիրոջ լիազորված ներկայացուցիչների կողմից։ Ես խոստանում եմ, որ եթե անենք դա, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը կամրապնդվի և մենք հոգևոր առաջնորդություն և պաշտպանություն կստանանք մեր հատուկ կարիքների և հանգամանքների ժամանակ։

Հոգուս ողջ կորովով ես վկայում եմ, որ հարություն առած և կենդանի Քրիստոսը ղեկավարում է Իր վերականգնված և կենդանի Եկեղեցու գործերն իր ծառաների միջոցով, ովքեր ընտրվել են վկայելու Իր անվան համար։ Այսպիսով, ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։