Հանգստության օրը սուրբ պահելը և միսիոներական աշխատանքը

 

Ուղերձ Տարածքային Յոթանասունի Քվորումից Երեց Աստաշով

Հանգստության օրը սուրբ պահելը և միսիոներական աշխատանքը

 

Մորմոնի Գրքում Նեփիի խոսքերից (2 Նեփի 33.1) մենք սովորում ենք, որ նա չի եղել «զորեղ գրելում», բայց, այնուամենայնիվ, կարողացել է հաղթահարել իր թուլությունը, «քանզի, երբ մարդ խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն, մինչև մարդկանց զավակների սրտերը»: Նույն կերպ ես կարող եմ ասել, որ ես «զորեղ չեմ գրելում»: Կիսելով ձեզ հետ իմ մտքերը, ես աղոթում եմ, որ յուրաքանչյուր մարդ, կարդալով այս ուղերձը, կարողանա  զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը և ուշադիր լսի այն:

 

Նեփին կարողացավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Թվում է, որ բոլոր ժամանակներում նա օժտված էր հավելյալ  վստահությամբ և իր հոգու խաղաղությամբ միայն այն պատճառով, որ հասկանում էր Երկնային Հոր ծրագիրը և օրհնված էր վկայությամբ ու գիտելիքով, որ Աստված ապրում է և որ Նա կարող է պաշտպանել իրեն և իր ընտանիքը: Սուրբ Հոգու ազդեցությամբ Նեփին ստացել էր մխիթարություն և ուրախություն: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա ականատես էր եղել իր ընտանիքի որոշ անդամների զայրույթին և գիտեր իրեն սպանելու նրանց ցանկության մասին (ճիշտ այնպես, ինչպես մենք` բոլորս, ժամանակ առ ժամանակ պայքարում ենք ավետարանը քարոզելու վախի հետ), նա շարունակում էր խոսել` հետևելով Սուրբ Հոգու ցուցումներին:

 

Մեր առաքելությունն է՝ ծառայել մեր մերձավորներին, ովքեր մեր Երկնային Հոր զավակներն են: Մենք կարող ենք նրանց մեջ հույս սերմանել, որը շատ անհրաժեշտ է նրանց, բերելով մեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը կենդանի էակ է, ով վերականգնեց Իր Եկեղեցին երկրի վրա: Եթե մենք ընկալունակ լինենք Սուրբ Հոգու ազդեցությանը և արժանի լինենք Նրան, Նա միշտ մեզ հետ կլինի` աջակցելով մեզ լույս լինել  աշխարհին: Եկեք հիշենք Հիսուսի խոսքերը, ով ասել է. «Ուստի, բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, այն, ինչ դուք տեսաք ինձ անելիս: Ահա, դուք տեսաք, որ ես աղոթեցի Հորը, և դուք բոլորդ ականատես եղաք» (3 Նեփի 18.24):

 

Միսիոներական աշխատանքը կարող է կատարվել տարբեր ճանապարհներով: Միշտ չի ակնկալվում, որ մենք պետք է սկսենք ավետարանով կիսվել և խոսել Եկեղեցու մասին անմիջապես ծանոթանալուց հետո: Մեր սեփական փորձից մենք սովորել ենք, որ միսիոներական աշխատանք կատարելու  լավագույն միջոցը լավ օրինակ լինելն է: Չնայած պատվիրանները պահելը դառնում է ավելի քիչ տարածված աշխարհում, մենք պետք է միշտ հետևենք դրանց:

 

Հանգստության օրը պատվելու պատվիրանը ճիշտ չի ընկալվում մեր շատ ոչ անդամ ընկերների կողմից, բայց սուրբ գրությունները ընդգծում են դրա բացառիկ կարևորությունը (տես Նեեմիա 13.15-18, Երեմիա 17.21-27): Բոլորն էլ նշում են նրա ազդեցությունը ոչ միայն մի անձի վրա, այլ նաև մի ամբողջ պետության. «Երբ որևէ երկիր անտեսում է Հանգստության օրվա պահպանումը, այն ազդում է կյանքի բոլոր կողմերի վրա և կրոնական կյանքը աստիճանաբար մարում է» (Ձեռնարկ, էջ 35):

 

Այս պատվիրանի հետ համաձայնությունը միսիոներական աշխատանքի մի հրաշալի գործիք է: Մեր ջանասիրությունը այս պատվիրանը պահելիս  օրհնում է ոչ միայն մեզ, այլև ուրիշներին, քանի որ այն նրանց համար սնուցում է ապահովում  Կիրակի օրը պատվելու կարևորության մասին: Երբ մեր հարևանները պարբերաբար նկատում են, թե ինչպես են երջանիկ ընտանիքի անդամներն իրենց լավագույն հագուստներով Եկեղեցի գնում ամեն կիրակի, դա գրավում է նրանց ուշադրությունը և ստիպում նրանց հետաքրքրվել: Մենք չգիտենք այն ճանապարհը, որով Հոգին կընտրի ազդել տվյալ անձի վրա` արթնացնելով նրա հետաքրքրությունը ավետարանի հանդեպ: Սակայն Հանգստության օրը ճշտորեն սուրբ պահելն  օրինակ է, որը կօգնի մյուսներին զգալ  Սուրբ Հոգու ազդեցությունը: Իսկ մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատմել նրանց Հանգստության օրվա իմաստի մասին, և թե ինչու ենք մենք պատվում այն:

 

Ուրիշ մարդկանց համար ակնհայտ են ոչ միայն այս պատվիրանի պահպանման արտաքին նշանները: Մարդիկ նաև նկատում են դրա պտուղները: Հանգստության օրը սուրբ պահելու ցանկությունը օգնում է իմ ընտանիքի անդամներին ու ինձ ավելի ընկալունակ դառնալ Սուրբ Հոգու ազդեցությանների հանդեպ: Մենք զգում ենք ներքին մաքրություն և իրական ուրախություն: Մենք ավելի բարեկամական և օգտակար ենք դառնում միմյանց հանդեպ: Կիրակի օրերին մենք ամեն ինչ միասին ենք անում, մենք հաճախում ենք մեր ճյուղը, կարդում ենք գրքեր, զբոսնում և խաղում ենք մի շարք ընտանեկան խաղեր: Այս օրը ես միշտ հավելյալ  խաղաղություն եմ զգում իմ սրտում: Իմ ընտանիքի անդամները և ուրիշները միշտ նկատում են դա:

 

Այս հատուկ պատվիրանը նաև օգնում է ինձ ավելի լավ հասկանալ ուրիշներին ծառայելու էությունը: Եկեղեցու գերագույն համաժողովներից մեկում Երեց Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Հանգստության օրը բերկրանք դարձրեք ուրիշներին ծառայություն մատուցելով, հատկապես նրանց, ովքեր լավ չեն զգում կամ նրանց, ովքեր միայնակ են կամ կարիքի մեջ: Ոգևորելով նրանց, դուք կբարձրացնեք ձեր սեփական ոգին» (Երեց Ռասսել Մ. Նելսոն. «Հանգստության օրը բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015): Այդ խոսքերը դիպչեցին իմ սրտին, և ես ջանում եմ կատարել դրանք իմ կյանքում:

 

Իմ եղբայրներ և քույրեր, ես ոգեշնչում եմ ձեզ. անցկացրեք կիրակի օրն այնպես, ինչպես Տերն է ակնկալում է մեզանից: Այդ օրը պարգև է Աստծո կողմից: Այն մեզ տրված է, որպեսզի թարմացնենք մեր ուխտերը Նրա հետ, սնվենք Նրա խոսքով և մեր ժողովատներում ու տներում կիսվենք մեր վկայությամբ, որ Նա կենդանի Քրիստոսն է: Այդ օրը տրված է մեր առօրյա գործերից հանգստանալու և առաջիկա շաբաթվա համար հոգևոր ու ֆիզիկական ուժ հավաքելու համար: Օգտագործեք այն որպես միսիոներական աշխատանքի գործիք ձեր ընտանիքի համար: Եղեք օրինակ այս կարևոր պատվիրանը պահպանելու գործում: Մի փորձեք նպատակային տպավորություն թողնել: Ուղղակի շարունակեք բարիք գործել և օգնել ուրիշներին: Կատարեք Փրկչի կամքը, անկախ այն բանից, թե մարդիկ շնորհակալություն կհայտնեն ձեզ, թե` ոչ: Եթե դուք սիրում եք մեր Փրկչին, ձեր բարի գործերը կշողարձակեն  ձեզանից և տեսանելի  կդառնան բոլորի համար:  Խնդրեք Երկնային Հորը  Հիսուս Քրիստոսի անունով, որ աջակցի ձեզ այն կատարելու համար,  և Նա կտրամադրի ձեզ նման հնարավորություն: