Ներում

 

Նախագահ Լարի Ս. Քեչեր՝ Արևելյան Եվրոպայի տարածքային նախագահության երկրորդ խորհրդական

Ջոզեֆ Սմիթին ուղղված հայտնության մեջ Տերն ասել է. «Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում: Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց» (ՎևՈւ 64.9–10): Մարգարե Ջոզեֆ Սմիթը ներողամիտ սրտի սքանչելի օրինակ է եղել Վիլյամ Վ. Ֆելփսի նկատմամբ՝ մի մարդու, որ դավաճանել էր մարգարեին: Եղբայր Ֆելփսը Եկեղեցու վաղ նորադարձներից էր և Վարդապետություն և Ուխտերի առաջին հրատարակությունը տպագրողը: Նա նաև բազմաթիվ օրհներգերի հեղինակ էր, այդ թվում՝ «Աստծո Հոգին» օրհներգի: 1838թ., երբ Եկեղեցին սաստիկ հալածանքի էր ենթարկվում, Ֆելփսը չդիմացավ ճնշմանը և կեղծ վկայություն տվեց Ջոզեֆ Սմիթի դեմ: Եկեղեցին հեռացրեց Ֆելփսին այդ արարքի համար, որի հետևանքով մարգարեն և այլ առաջնորդներ ավելի քան հինգ ամիս սխալմամբ բանտարկվեցին Լիբերթի բանտում: Ավելի քան մեկ տարի անց Ֆելփսը նամակ գրեց՝ ներում խնդրելով: Ջոզեֆը անկաշկանդ ներեց նրան և հրավիրեց գալ Նավու՝ գրելով. «Ե՛կ, սիրելի՛ եղբայր, քանզի պատերազմն ավարտված է, և նախկին ընկերները կրկին ընկերներ են»: Եղբայր Ֆելփսը երբեք չմոռացավ մարգարեի բարությունը և ջերմությունը: Նա մնաց հավատարիմ մինչև իր կյանքի վերջը և դարձավ «Փառք տանք Մարդուն» օրհներգի հեղինակը: Մեկ այլ լավ օրինակ է Հանս Պիտեր Միլլերի կյանքը: Եղբայր Միլլերը Յուտայի կենտրոնական մասում բնակվող աղքատ ֆերմեր էր: Նա երբեք շատ փող չէր ունեցել, սակայն նա ուներ ավետարանի օրհնությունները, որոնք հաստատուն տեղ էին գտել նրա սրտում: Մի օր հարևանը եկավ տեսնելու նրան, հայտնելով, որ իր կինը հիվանդ է և իրենց գումար է հարկավոր վիրահատության համար: Մտահոգվելով խեղճ եղբոր և նրա կնոջ համար, Եղբայր Միլլերը տվեց նրան իր տնտեսած ողջ գումարը: Ոչ շատ ժամանակ անց Եղբայր Միլլերը տեսավ այդ նույն մարդուն նոր մեքենա վարելիս, և լսեց նաև, որ նրա կինը հիվանդ չէր: Վիրահատության համար փողն օգտագործելու փոխարեն, նա մեքենա էր գնել իր համար: Եղբայր Միլլերը ընտրության առաջ էր կանգնած: Նա կարող էր մեղադրանք առաջ քաշել այդ եղբոր առաջ ստելու համար: Նա կարող էր դատարանի առաջ կանգնեցնել նրան: Սակայն դա անելով, նա դառնության զգացումներ կառաջացներ, որոնք կփոխանցվեին իր ընտանիքին և այլ ընտանիքների, և, հավանաբար, կբաժանեին իրենց փոքր քաղաքը տարբեր ճակատների: Այնպես որ, Եղբայր Միլլերը այլ ուղի ընտրեց: Նա որոշեց ներել այդ եղբորը: Նա չբամբասեց և լուրեր չտարածեց նրա մասին: Տարիներ անց այդ մարդու երեխաները և թոռները Եղբայր Միլլերի երեխաների հետ նույն ծուխն էին այցելում որպես Եկեղեցու անդամներ: Նրանք չգիտեին տեղի ունեցած այդ վիրավորանքի մասին: Թեև Եղբայր Միլլերը լիովին արդար հիմքերով կարող էր հատուցում պահանջել, նա որոշեց ներել և թողնել դատաստանը Տիրոջը: Նրա արարքն անկասկած շատ ընտանիքների ազատեց ընդհարումներից և Եկեղեցում հնարավոր անակտիվությունից: Խաչին գամված լինելով Փրկիչն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում» (Ղուկաս 23.34): Մեր Քավիչը ցույց է տվել մեզ գթասրտության ուղին, որով յուրաքանչյուրս պետք է շարժվենք, եթե ցանկանում ենք խուսափել դառնությունից ու հակառակությունից և ունենալ ներդաշնակություն: Թող որ մենք ունենանք փափուկ սիրտ, որպեսզի Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ լինի: Թող որ մենք միշտ ընտրենք մեր եղբայրներին և քույրերին ներելը: Թող որ մենք դառնանք Սիոնի ժողովուրդ, լինելով «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18):