Կատարելագործումը մեր ներուժն է, ոչ թե մեր ներկան

    կին կատարյալ շուտով

    ՌՄ Ջենինգս
    26 ապրիլի, 2019 թ․

    Տպել
    Ես հյուրընկալել էի ընկերուհուս՝ Պաուլային, և հիացմունքով նայում էի, թե նա ինչպես էր միաժամանակ ընթրիքի
    համար պատրաստում տնական մակարոն, գրկին օրորում իր լացող երեխային և ուշադիր լսում իր 3-ամյա տղայի
    խնդրանքները: Իմ կարծիքով, նա նման էր կատարյալ կնոջը․ հանգիստ, երջանիկ և կենտրոնացած ինչպես իր
    երեխաների կարիքների վրա, այնպես էլ՝ իմ, քանի որ նա , ինչպես միշտ, ավելի լավ ուտելիք պատրաստեց, քան ես
    երբևէ պատրաստել էի իմ կյանքում:
    Կարո՞ղ եք պատկերացնել իմ զարմանքը, երբ մի քանի օր անց սոցիալական լրատվամիջոցում տեսա, թե ինչպես է նա
    պատմում, որ շատ է իրեն համեմատում մյուս մայրերի հետ, տառապում է հետծննդաբերական դեպրեսիայից և զգում
    է, որ բավականաչափ չի ծառայում իր ընտանիքին:
    Ես սկսեցի մտածել կատարելության՝ այդ անհնարին չափանիշի մասին, որին ես ձգտում էի և ենթադրում էի, որ
    շրջապատիս բոլոր կանայք հասել են դրան: Ես գիտեի, որ Քրիստոսը պատվիրել էր, որ «դուք կատարեալ եղիք,
    ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթեոս 5.48), և ես իսկապես ցանկանում էի այդպիսին լինել։
    Սակայն ես հասկացա, որ այն կատարելությունը, որին ձգտում էինք ես և Պաուլան, ավելի շատ կախված է
    ժամանակից, քան՝ նպատակակետից։
    Կարծում եմ, որ մի օր մենք անակնկալի կգանք և կզարմանանք, թե կատարելության մասին մեր հասկացությունը
    որքան տարբեր է նրանից, ինչը Փրկիչը սովորեցրել է մեզ կատարելության մասին:
    Այն, ինչ ես մտածում էի կատարելության մասին
    Կատարյալ կնոջ մասին իմ մտածելակերպը բխում էր իմ կյանքում տեսած բոլոր կանանց կերպարներից։
    Իմ ընկերուհիները, որոնց ես սիրում էի և որոնց մասին լավագույն կարծիքին էի։
    Իմ մայրը, որին ես շատ պարտական եմ զգում։
    Իսկ հետո այն գեղեցիկ ազդեցիկ կանայք, որոնց ես հետևում էի սոցիալական լրատվամիջոցում։
    Իմ և սոցիալական լրատվամիջոցի կարծիքով, սրանք են կնոջը կատարյալ դարձնում․
    Տեսքը
    Գեղեցկությունը
    Հաջողակ լինելը
    Մաքուր տունը
    Անընդհատ դրական լինելը
    Ամուսնացած լինելը
    Լավ հագնված երեխաները
    Աշխարհով մեկ շրջագայելը
    Երբեք չի գնում ավելին, քան իրեն անհրաժեշտ է, բայց ունենում է այն ամենը, ինչ ցանկանում է։
    Մթերային խանութ գնալու համար ննջազգեստ չի հագնում։

    Իհարկե, այդ ցուցակում ես ինձ չէի գտնում։ Եվ կարծում էի, որ կատարելությունից ցածր ոչ մի բան կարևոր չէր․
    ես կարող էի կամ կատարյալ լինել, կամ՝ ձախողակ։
    Բայց ես հասկացա, որ կատարյալ լինելու իմ սպասումները բոլորովին այն չէին, ինչ Քրիստոսը պատվիրել էր ինձ
    լինել:
    Ինչ է կատարելությունը
    Ես չեմ կարծում, որ Աստված մտահոգված է, թե որքան մաքուր է իմ տունը, քանի երկիր եմ շրջել կամ արդյո՞ք ես
    կարողանում եմ տնական մակարոն պատրաստել, թե՝ ոչ։
    Աստված մտահոգված է իմ, իմ ընտանիքի երջանկությամբ և մեր հավերժական փրկությամբ։
    Երբ Քրիստոսն ասաց «դուք կատարեալ եղիք», Նա ինձ չէր ասում, որ ես անընդհատ փորձեմ հասնել անհնարին
    չափանիշների։ Նա օգնում էր ինձ տեսնել իմ աստվածային ներուժը։ Նա խնդրում էր ինձ առաջ նայել փառահեղ
    ապագային։ Ինչպես Նախագահ Ռասել Մ․ Նելսոնն է ասել․ «Կատարելագործումն ընթացքի մեջ է։ Այն լիովին
    տեղի կունենա Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Դա անխուսափելի է բոլոր նրանց համար, ովքեր սիրում
    են Նրան և պահում Նրա պատվիրանները» («Perfection Pending»)։
    Ընթացքի մեջ գտնվող կատարելագործումը կատարյալ նկար չէ։ Այն անթերի չէ։ Նույնիսկ, ընթացքի մեջ գտնվող
    կատարելագործումը զուրկ չէ անցյալի սխալներից։
    Կատարյալ բառը, ինչպես օգտագործվում է սուրբ գրություններում, նշանակում է վերջնական, ավարտված կամ լրիվ
    զարգացած։ Այլ կերպ ասած, կատարյալ դառնալու համար ես պետք է փրկագնվեմ։ Ես պետք է սիրով լի լինեմ։ Ես
    պետք է Քրիստոսի շնորհիվ ամբողջական լինեմ։
    Կարծում եմ, դա ավելի մոտ է լավ մարդու հատկանիշներին, ով մի օր Աստծո շնորհով «կատարյալ կլինի
    Քրիստոսում»։
    Սիրում է իրեն շրջապատող մարդկանց
    Ցանկանում է լավագույնն իր ընտանիքի համար
    Պատրաստ է օգնել ուրիշներին
    Հոգ է տանում իր մասին (նիրհել կարելի է)
    Ականջ է դնում իր անձնական կարիքներին
    Համբերատար է ինքն իր նկատմամբ
    Բարի և ապաշխարող է
    Ձգտում է բարելավվել
    Մեզ հետ միասին Աստված կարող է շատ բան անել, երբ մենք ջանասիրաբար անում ենք ամեն ինչ, որպեսզի
    հետևենք Նրան և ծառայենք Նրա զավակներին:
    Մեծ մխիթարություն եմ գտել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերում․ «Ես կարծում եմ, որ Հիսուսը չէր
    նախատեսել, որ Իր Լեռան Քարոզը բառային մուրճ լիներ՝ նախատելու մեզ մեր թերությունների համար: Ոչ, ես
    կարծում եմ, որ Նա նախատեսել էր, որ այն տուրք լինի այն բանին, թե ով և ինչ է Հավերժական Հայրը, և մենք ինչի
    կարող ենք հասնել հավերժության մեջ» («Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո»)։
    Այսպիսով, սիրող եղեք։
    Համբերող եղեք ուրիշների և ինքներդ ձեր հանդեպ։

    Խոնարհ և ապաշխարելու պատրաստ եղեք և ձեր թերությունները բերեք Աստծո առաջ այն ժամանակ, երբ դուք զգում
    եք, որ «ձախողում» եք։
    Մի օր դուք կատարյալ կլինեք Քրիստոսի միջոցով, և ով գիտի, թե ինչպիսին է դա հաջորդ կյանքում: Բայց ես
    գիտեմ, որ այսօր կարող եմ անել ամեն բան ուժերի ներածին չափով, մինչ ես աճում եմ՝ Աստծուն ավելի շատ
    նմանվելու համար։

    ՌՄ Ջենինգսը գրող է Սոլթ Լեյք Սիթիում։ Նա սիրում է հեռուստատեսությունը, գրքերը, իր շանը և իր ընտանիքը, և
    ամեն օր աշխատում է վայելել և ուրախություն գտնել մանրուքներում: