Կարևոր է, թե որքան շատ ես սիրում

    կնոջ սիրո ցուցակ

    ՌՄ Ջենինգս
    26 ապրիլի, 2019 թ

    Նախկինում ես մտածում էի, որ ամբողջ օրս իզուր էր անցել, եթե իմ անելիքների ցանկի բոլոր կետերը չէի
    կատարում։ Եվ դա պարբերաբար էր տեղի ունենում։
    Կարևոր չէր, թե որքան մեծ էին իմ ծրագրերը և որքան ոգևորված էի ես զգում, երբ սկզբում հստակեցնում էի այն,
    ինչ ուզում էի իրականացնել: Այդպես էլ օրերս անցնում էին այն զգացումով, որ կարող էի ավելին անել և մի քանի
    քայլ հետ էի մնում։
    Մի քանի ամիս առաջ, ունենալով մեղքի զգացում և ինքնաքննադատական բուռն պայքարի ևս մեկ «անարդյունավետ»
    օր, ես հասկացա, որ պետք է փոխեմ իմ մտածելակերպը: Այդ ժամանակից ի վեր, ես փորձում եմ ինքս իմ հանդեպ
    ունեցած բարձր ակնկալիքները ներդաշնակության մեջ պահել իմ հանդեպ ունեցած Տիրոջ բարեգութ ակնկալիքների
    հետ։ Ես նաև ջանքեր եմ գործադրել իմ կյանքը (և իմ անելիքների ցանկը) կենտրոնացնելու ամենակարևոր բաների
    վրա, և ամեն ինչ անել սիրով:
    Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե ինչպես դա անել: Բայց այդ գործընթացում ես շատ բան եմ սովորել Աստծո, սիրո,
    ինքս իմ մասին հոգ տանելու և այն մասին, թե ինչպիսի մեծամտություն էր մշտապես զբաղված լինելը։
    Զբաղված լինելը պատվի պիտակ չէ
    Մի օր ես նորից կարդացի 2012 թվականի հոկտեմբեր ամսվա համաժողովի Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը,
    «Ափսոսանքների և վճիռների մասին»։ Երեց Ուխդորֆը խոսեց այն մարդկանց մասին, ովքեր անբուժելի հիվանդ են և
    այն ափսոսանքների մասին, որոնք նրանք ունեն․ «Երանի ավելի շատ ժամանակ անցկացրած լինեի այն մարդկանց
    հետ, ում ես սիրում եմ», «երանի ես ապրեի իմ ներուժի սահմաններում» և «երանի, ես ինձ թույլ տված լինեի ավելի
    երջանիկ լինել»։ Զբաղված լինելը հաճախ խանգարում է այս ամենին։
    Երեց Ուխդորֆը նաև նշեց, որ մեզանից շատերը «կրում են մեր զբաղվածությունը՝ որպես պատվի պիտակ, կարծես
    թե զբաղված լինելն ինքնին բարեկարգություն է կամ գերազանց կյանքի նշան»: Բայց հետո, մեր կատարյալ օրինակը՝
    Հիսուս Քրիստոսը, երբեք զբաղված չէր կարևոր բաների համար։ Ինչպես Երեց Ուխդորֆն է շարադրել. «Ես տեսնում
    եմ գթառատ և հոգատար Աստծո Որդուն՝ նպատակաուղղված ապրելով յուրաքանչյուր օրը: Երբ Նա շփվում էր Իր
    շրջապատում գտնվողների հետ, նրանք իրենց զգում էին կարևոր և սիրված: Նա գիտեր մարդկանց անսահման
    արժեքը, ում հետ Նա հանդիպում էր: Նա օրհնում էր նրանց, ծառայում էր նրանց: Նա բարձրացնում էր նրանց,
    բժշկում էր նրանց: Նա տալիս էր նրանց Իր ժամանակի թանկարժեք պարգևը»: Նա միշտ ժամանակ էր գտնում
    ուրիշների համար։
    Հետևելով Փրկիչի օրինակին, ես փորձել եմ ավելի քիչ կենտրոնանալ այն բաների վրա, որոնք ես «պետք է» անեմ և
    ավելի շատ՝ այն բաների վրա, որոնք ես պարտավոր եմ անել․ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց
    սիրում եմ, հասնել իմ ներուժին և ուրախություն ունենալ: Ես փորձում եմ կենտրոնանալ հավերժական
    կարևորություն ունեցող բաների վրա, բաներ, որոնք հավերժ կմնան․ սեր, կապ, հարաբերություններ։ Փորձում եմ
    յուրաքանչյուր օրը սկսել՝ մտքում ունենալով այդ առաջնահերթությունները։ Երբեմն այդպիսի օրերի ժամանակ մի
    կողմ եմ դնում անելիքների ցանկը և չորեքշաբթի օրերը երկու տարեկան իմ հիվանդ երեխայի հետ խաղում եմ կամ
    ամեն ինչից հրաժարվում եմ և ժամեր շարունակ զրուցում իմ լավագույն ընկերոջ հետ։ Թեև այս գործերը միշտ չէ,
    որ օրվա մեջ արդյունավետ են թվում, ես գիտեմ, որ նրանց արժեքը հավերժական է: Երբեմն լավագույն բանը, որ
    կարող եմ անել՝ ներելինքս ինձ այն ամենի համար, ինչը չեմ արել այդ օրը և հասկանալ, որ վաղը նոր օր է սկսվում:
    Հոգ տանել իմ մասին

    Քրիստոսը միշտ ժամանակ էր գտնում ուրիշների համար, բայց նա ժամանակ էր գտնում նաև իր համար: Նոր
    Կտակարանում նկատել եմ օգտակար դիպվածներ, երբ Քրիստոսը հեռացավ հանգստանալու և Աստծո հետ
    հաղորդակցվելու համար։
    Ինձ դուր եկած դիպվածներից մեկը գտնվում է Մատթեոս 14-ում։ Այդ գլուխը պատմում է երկու հրաշքների մասին,
    որոնք մենք կանոնավոր քննարկում ենք․ Հիսուսը կերակրում է հինգ հազար մարդու և Հիսուսը քայլում է ջրերի
    վրայով։ Ինձ զարմացրել է այն, թե ինչ է տեղի ունենում այդ երկու հրաշքների միջև ընկած ժամանակահատվածում։
    Հինգ հազար մարդուն կերակրելուց հետո Հիսուսը «իր աշակերտներին ստիպեց, որ նաւը մտնեն եւ իրանից առաջ
    անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքն այն ժողովուրդներին արձակէ» (Մատթեոս 14․22)։ Ապա Նա «վեր ելաւ սարը,
    առանձին աղօթք անելու. Եւ երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ» (Մատթեոս 14․23)։ Հիսուսը բոլորին
    հետ ուղարկեց, որ կարողանա միայնակ աղոթել, հավանաբար՝ ժամեր շարունակ։ Նա նույնիսկ Իր աշակերտներին
    ուղարկեց միայնակ։ Իրեն ժամանակ հատկացնելուց հետո միայն Նա կատարեց ջրի վրա քայլելու անհավանական
    հրաշքը:
    Կարծում եմ, Նա գիտեր, որ կարող է շարունակել բարիք գործել, եթե նախ հոգ տաներ ինքն իր մասին և Իր Հոր հետ
    ունեցած անձնական փոխհարաբերությունների մասին:
    Հաճախ զգում եմ, որ, ինքս ինձ ժամանակ հատկացնելով, ես ժամանակ եմ գողանում ինչ-որ մեկից։ Բայց երբ
    համոզվում եմ, որ իմ կարիքները բավարարված են, ես շատ ավելին ունեմ իմ ընտանիքի և ուրիշների հետ կիսվելու
    համար, ովքեր ապավինում են ինձ:
    Կենտրոնանալ սիրո վրա
    Ի վերջո, ամենօրյա անելիքների ցանկը կարևոր չէ. կարևոր է, թե որքան շատ ես սիրում:
    Քրիստոսի օրինակի և ուսմունքների շնորհիվ ես հասկացա, որ մեկ ուրիշին սիրելը միշտ ճիշտ է: Սերը ցույց տալու
    համար ժամանակ հատկացնելը երբեք սխալ ընտրություն չէ: Երեխաներս, հնարավոր է, չհիշեն իմ պատրաստած
    բոլոր հրաշալի ճաշատեսակները կամ դաշնամուրի բոլոր դասերը, որոնց ես տարել եմ նրանց ավտոմեքենայով կամ
    միասին կատարած բոլոր ծրագրված միջոցառումները, բայց վստահ եմ, որ նրանք կհիշեն, թե ինչպես եմ նրանց
    սիրել, և նրանք ավելի լավն ու երջանիկ կդառնան դրանից։
    Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք «հարենք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի
    խափանվեն․ Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով
    վերջին օրը, նրա համար լավ կլինի» (Մորոնի 7․46-47)։ Եթե ես կենտրոնանամ սեր զգալու և արտահայտելու
    վրա, ես գիտեմ, որ ամեն ինչ գերազանց կկատարեմ:
    Սիրեք ձեր երեխաներին բավականաչափ, որ ծառայեք նրանց և հասկանաք նրանց կարիքները, նույնիսկ, եթե այդ
    առաջադրանքներն այդքան էլ արդյունավետ կամ տպավորիչ չեն թվում:
    Ինքներդ ձեզ սիրեք բավականաչափ, որպեսզի հոգ տանեք ձեր կարիքների մասին, նույնիսկ, եթե մյուս գործերը խլում
    են ձեր ժամանակը։
    Եվ սիրեք Աստծուն բավականաչափ, որ Նրան նվիրեք այդ թանկագին ժամանակից՝ վստահելով, որ Նա կօգնի հոգ
    տանել մնացած բաների մասին։

    ՌՄ Ջենինգսը գրող է Սոլթ Լեյք Սիթիում։ Նա սիրում է հեռուստատեսությունը, գրքերը, իր շանը և իր ընտանիքը, և
    ամեն օր աշխատում է վայելել և ուրախություն գտնել մանրուքներում: