Նամակ միայնակ քրոջը

    (և մեկ ուրիշին, ով փափագում է լինել իր տեղում)

    նկար

    Շերոն Յուբենկ

    Սփոփող Միության Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական
    Իմ գրասենյակում ես ստանում եմ հարյուրավոր նամակներ, և դրանցից շատերում նկարագրվում է այն տառապանքը,
    որն առաջանում է այն պատճառով, որ մենք երբեմն խմբեր ենք ստեղծում միմյանց համար: Ստորև ներկայացնում եմ
    մի նամակ, որը նկարագրում է միայնակ լինելու ցավը մի Եկեղեցում, որը կենտրոնացած է ընտանիքի վրա:
    «Ես 48 տարեկան եմ և երբեք ամուսնացած չեմ եղել. ես իսկապես մաքառել եմ այս իրականության հետ: Ես իրոք
    անցել եմ դժվարին ժամանակների միջով, որպեսզի հասկանամ, թե որն է իմ նպատակն այս կյանքում՝ որպես
    միայնակ մարդ, ով չունի ընտանիք և ժառանգներ: Եկեղեցին, հիմնականում, կենտրոնացած է ընտանիքի վրա
    (ինչպես որ պետք է լինի), բայց երբ այդ օրհնությունը քեզ տրված չէ, դժվար է հասկանալ, թե որտեղ է քո տեղը:
    Ինչպե՞ս հաղթահարեմ դատարկության զգացումը և ավելի շատ նպատակներ ունենամ կյանքում»:
    Ուրիշ նամակներում նկարագրվում են տարբեր խնդիրներ, բայց բոլոր հեղինակները կիսվում են այն զգացումով, որ
    իրենց «օտար» են զգում «կանոնավոր» Եկեղեցում:
    Ես պարզել եմ, որ այն ընդհանուր բաները, որ մենք ունենք՝ որպես Քրիստոսի հետևորդներ, շատ ավելի հետաքրքիր
    ու կարևոր են, քան այն պիտակները, որոնք տարանջատում են մեզ: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, որը կենտրոնացած
    է Սիոնի համար պայմաններ ստեղծելու վրա, կարող է լինել առանց խմբավորումների Եկեղեցի. մի վայր, որտեղ չկան
    «-ցիներ», ինչպես ասվում է Մորմոնի գրքում (տես 4 Նեփի 1.17):
    Հետևյալ յոթ գաղափարները իմ պատասխանն են այդ քրոջ նամակին: Գուցե ձեր իրավիճակը մի փոքր տարբերվում է,
    բայց եթե դուք ձեզ պիտակավորված եք զգում, հուսով եմ, ձեզ համար մի բան կգտնեք այնտեղ:
    1.Մեր օրհնությունները գալիս են տարբեր հերթականությամբ, բայց, այնուամենայնիվ, գալիս են։
    Մահկանացու կյանքում մարդիկ պիտակավորում են մեզ և խմբերի բաժանում, ինչպես օրինակ՝ միայնակ, նիգերացի,
    վերադարձած միսիոներ, Հյունդայի վարորդ: Բազմազանությունը գրեթե զվարճալի է, բայց այս խմբավորումները շատ
    քիչ նշանակություն ունեն հավերժության տեսանկյունից: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության
    Առաջին Խորհրդականը, վերջերս ուսուցանել է մեզ, որ միայն մեկ պիտակն է կարևոր. «Մեզանից յուրաքանչյուրը
    Աստծո զավակն է՝ հավերժական կյանքի հնարավոր ճակատագրով: Ցանկացած այլ պիտակ՝ անգամ
    մասնագիտությունը, ռասան, ֆիզիկական բնութագրերը, տիտղոսները, հավերժության առումով ժամանակավոր են
    կամ աննշան: 1 «Աստված հիրավի «աչառ չէ» (Գործք 10.34, տես նաև Ալմա 1.30):
    Այս ճշմարտության իմացությունն օգնում է ինձ հասկանալ իմ հավերժական նպատակը: Ես Երկիր եմ եկել
    հավերժական փորձառություններով ու տաղանդներով: Ես եկել եմ նաև իմ անձնական որոշակի
    պարտականություններով: Իմ մեծ առաքելությունը նույնն է, ինչ որ ուրիշներինը՝ ունենալ փորձառություններ,
    ապաշխարել ու ներել, ստանալ արարողություններ, ծառայել ուրիշներին: Սակայն իմ մեծ առաքելությունը հատուկ է
    և ինձ տրված աստվածային ծրագրի մի մասն է: Եթե ես անում եմ հնարավոր ամեն բան՝ պահելով իմ
    պատվիրանները, ապա կյանքը, որն այժմ ապրում եմ, այդ ծրագրի մի մասն է: Ես ցանկանում եմ հարգել այն կյանքը,
    որը Տերն է ինձ տվել. այն ինձ տրված պատիժ չէ նրա համար, որ ես ինչ-որ չափով լավը չէի:
    Օրհնությունները գալիս են տարբեր հերթականությամբ, բայց նրանց, ովքեր ձգտում են հավատարիմ լինել, բոլոր
    օհնությունները գալիս են: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, լավագույն ձևով է
    արտահայտվել այդ մասին. «Որոշ օրհնություններ շուտ են գալիս, մյուսները գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չի

    գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք
    գալիս են»:
    2. Հավերժական ներկա
    Երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ «Աստված ապրում
    է հավերժական ներկայի մեջ, որտեղ անցյալը, ներկան և ապագան մշտապես Նրա առջև են»: 3 «Ես հավատում եմ,
    որ իմ Երկնային Ծնողները ինձ չեն դիտարկում ըստ նրա, թե ով եմ ես հիմա, այլ, փոխարենը, տեսնում են ինձ
    այնպիսին, ինչպիսին կլինեմ հավերժության մեջ: Այս գիտելիքն օգնում է ինձ ավելի շուտ կենտրոնանալ իմ
    համապարփակ ինքնության վրա, քան այն բանի, թե ով եմ ես ճիշտ այս պահին»:

    3. Ծխերը նույնպես կարող են ընտանիք լինել։
    Քանի որ մեզանից շատերը չեն ապրում երկու ծնող ունեցող կատարյալ ընտանիքում, ծխերը կամ ճյուղերը կարող են
    ունենալ ընդարձակ ընտանիքի գործառույթ: Այն երեխաների համար, ովքեր չունեն կատարյալ ընտանեկան կյանք,
    կան հոգացող մեծահասակներ, ովքեր կարող են օրինակ լինել և ուսուցանել նրանց: Մեծահասակների համար, ովքեր
    երեխաներ չեն ունեցել, թեև շատ են ցանկացել, կան ուրիշ երեխաներ, ովքեր դաստիարակության կարիք ունեն:
    Ծխերը կարող են սոցիալապես անվտանգ վայրեր լինել այն մարդկանց շնորհիվ, ովքեր ցանկանում են հոգ տանել մեր
    մասին և ներել այնպես, ինչպես մենք՝ նրանց: Ծխի ընտանիքը մեզ հնարավորություն է տալիս շփվել և կապվել այն
    մարդկանց հետ, ոորոնց, գուցե, չհասկանայինք այլ հանգամանքներում:
    «Էհ,- կասեք դուք,- իմ ծուխն այդպիսին չէ»:
    Գուցե, բայց հաշվի առեք սա. դուք գաղափար չունեք թե դուք ինքներդ ինչ օրինակ կարող եք լինել կամ ինչ
    իշխանություն ունեք ձեր ծխի մթնոլորտի վրա: Դա կարող է լինել ձեր առաքելության մի մասը:
    4.Պատկանել ընտանիքին և ընտանեկան ուղղվածություն ունեցող Եկեղեցուն
    Ես ինքս նույնպես միայնակ եմ, և գիտեմ, թե դա ինչ է: Դուք ապավեն չունեք, եկեղեցում միայնակ նստելը
    անհարմարություն է պատճառում, խնջույքները դառնում են չարչարանք, իսկ ազգականները համարում են, որ իրենք
    կարող են մեկնաբանություններ անել, երբ ոչ ոք ոչ մի բառ չպետք է ասեր:
    Ինձ համար ոչ մի ուրիշ բան այնպես չի շեշտում իմ մենակությունը, ինչպես Սուրբ Ծննդյան առավոտը:
    Գայթակղությունը թույլ է տալիս իմ «խմբի մարդկանց» արդարացում գտնել տխուր լինելու կամ երբեք որևէ բան
    չնախաձեռնելու համար: Երբ ես սկսեցի հյուրեր ընդունել Սուրբ Ծնունդին և ծրագրել ընտանեկան միջոցառումներ,
    անմիջապես զգացի տարբերությունը, թե ես ինչ էի զգում և ինչպես էի գնահատվում իմ ընտանիքում: Այդ
    փոփոխությունը ինձ հիշեցնում էր, որ ընտանիքը միայն ամուսին կամ կին և ծնող լինելը չէ: Կան բաներ, որոնք ես
    կարող եմ անել որպես մորաքույր, որը ծնողը չի կարող անել, և ես փորձում եմ սովորել դրանք և լավ կատարել: Լավ
    եղբայր կամ քույր, դուստր, թոռ և մորաքույր լինելը միանգամյա դերեր չեն: Դրանք սրբազան են: Ես և դուք շատ
    բան ունենք ներդնելու և մենք հաշվետու կլինենք:
    Ընտանեկան ուղղվածություն ունեցող Եկեղեցուն պատկանելը կարող է նաև դժվար լինել: Բայց իրականությունն
    այն է, որ Եկեղեցու անդամների մեծ մասը չի ապրում այդ իդեալական ընտանեկան իրավիճակներում: Համոզված չեմ,
    որ որևէ մեկն ապրում է այդպիսի կատարյալ ընտանիքում: Ուստի, ինչո՞ւ է պետք շարունակել կենտրոնանալ
    ընտանիքի վրա: Որովհետև ընտանիքը մեր ճակատագիրն է, և մենք այս Երկրի վրա ենք, որպեսզի սովորենք այդ
    հմտություններն ու ամուր ընտանեկան հարաբերությունները, անկախ այն բանից, թե ինչպիսին է մեր անձնական
    իրավիճակը:
    5. Զգալ միայնակ, ապրել ցավի հետ

    Իմ սեփական փորձառությունները երբեմն ինձ ուժեց ցավ ու մենակության խիստ զգացում են պատճառում: Հեշտ է
    այդ ցավը վերագրել այն խմբին, որին պատկանում եմ իմ կյանքի հանգամանքների պատճառով, բայց ես տեսնում եմ,
    որ բոլորն են առնչվում այդ ցավին: Իմ քույրը ամուսնալուծված է, մյուս քույրս չի կարողանում հղիանալ, մեկ ուրիշ
    կին 38 տարեկանում մահանում է քաղցկեղից, երեխաները խորը վշտի պատճառ են դառնում, ահավոր վթարներ են
    տեղի ունենում, ամուսինները հեռանում են եկեղեցուց, առողջությունը վատթարանում է: Սա է մահկանացու կյանքը:
    Լավագույն բանը, որ կարող ենք անել, պետք է փորձենք օգնել իրար՝ տանելով միմյանց ցավը: Ես կարող եմ լինել
    խոցելի և կիսվել իմ իրականությամբ: Ես կարող եմ կարեկցանք գտնել, երբ ուրիշները պատմում են իրենց
    իրականության մասին: Երբ իմանում ենք, որ մենք բոլորս ինչ-որ ձևով կրում ենք ցավի տարբեր բեռներ, մենք ավելի
    քիչ «հատուկ» ենք դառնում և ավելի հեշտ է աջակցել ուրիշներին: Իհարկե, երբ ցավն անտանելի է, ինչպես երբեմն
    պատահում է, մենք կարող ենք դիմել Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Նրանք գիտեն, թե ինչ բեռ է
    դա: Նրանք խոստացել են թեթևացում ու հանգիստ տալ մեզ: Եվ ես վկայում եմ այդ մասին:
    6. Նոր հնարավորություններ
    Ես հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր Վերջին Օրերի Սրբեր չեն և ազնվության ու նվիրումի հրաշալի օրինակ
    են. նրանք զոհաբերություններ են կատարում ուրիշների համար և փորձում են լավագույնս դրսևորել իրենց սերը
    Աստծո հանդեպ՝ սիրելով Նրա զավակներին: Տերը ակնհայտորեն նրանց հետ է: Շատերը փնտրում են
    ընկերություն և կամուրջներ հոգացող, բարոյական համայնքի հետ: Մենք ևս կարող ենք նույնը անել: Բացի մեր
    հավատքով կիսվելուց և նրանց հավատքի մասին սովորելուց, կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել,
    որպեսզի ընկերություն ստեղծենք և լավացնենք մեր համայնքները: Մեր հարևանները, աշխատանքային ընկերները,
    ծանոթները և մի քիչ անբարեհաջող ընտանիքները մեզ համար Աստծո ծրագրի մի մասն են: Ես և դուք շատ
    աշխատանք ունենք կատարելու, որպեսզի կառուցենք այն վայրերը, որտեղ մենք ապրում ենք, և Տերն անշուշտ
    ուղղորդում է մեզ:
    7. Զգացմունքային աջակցություն
    Անկեղծ ասած, իմ միայնակ կյանքը դասավորվել է միայն այն բանի շնորհիվ, որ ես մտել եմ զգացմունքային
    աջակցության խորը ցանցի մեջ: Այն հեռացնում է սուր ցավը և ինձ տալիս է այնպիսի մարդիկ, ովքեր ինձ
    ճշմարտությունն են ասում: Ես հավատում եմ, որ աղոթքով են ընկերներ ձեռք բերում: Երկնային Հայրը գիտե, որ մենք
    մոտ ընկերների կարիք ունենք և ուղարկում է նրանց՝ որպես մեզ պարգև: Լավ ընկեր լինելով՝ գրավում ենք այլ
    ընկերների:
    Բայց երբեմն, նույնիսկ մեր լավ ընկերները չեն կարող լիովին հասկանալ մեր ցավն ու ցանկությունները: Այդպիսի
    դեպքերում տաճար հաճախելը կարող է զորացնել մեզ, ինչպես ոչ մի այլ բան: Եթե մենք թույլ ու անզոր ենք զգում,
    արարողություններին մասնակցելը «աստվածայնության զորություն», զգացմունքային առողջություն և
    տոկունություն են բերում մեր կյանք (Վարդապետություն և Ուխտեր 84․20):
    Քույր Չիեկո Օկազակին՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահության նախկին Առաջին Խորհրդականը, այսպես
    է արտահայտվել այդ մասին. «Ամրապնդվեք՝ փնտրելով ճշմարիտ ուժի աղբյուրը՝ Փրկիչին: Եկեք Նրա մոտ: Նա
    սիրում է ձեզ: Նա ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք և վեհացնում է ձեզ արդարակեցության ձեր իղձերում:
    Դարձրեք Նրան ձեր ուժը, ձեր ամենօրյա ընկերակիցը, ձեր երկաթյա ձողն ու գավազանը: Թող Նա սփոփի ձեզ: Չկա
    որևէ բեռ, որը մենք պետք է մենակ կրենք»: 4
    Գուցե այստեղ ոչինչ չկա, որը դուք չգիտեք, բայց ես հուսով եմ, որ այն Հոգուն հնարավորություն է տալիս շշնջալ
    ձեզ, որ սրանք ճշմարտություններ են: Չկա որևէ մեկը, ով ճշգրտորեն նման է ձեզ, և եթե դուք բավականաչափ
    խելացի եք, որպեսզի հարցնեք, կարծում եմ, որ ձեզ վրա հուշումների տարափ կտեղա ձեր նպատակի մասին՝ ավելին,
    քան դուք երբևէ հնարավոր կհամարեիք:
    Ամենից շատ ես հույս ունեմ, որ դուք գիտեք, որ չկա որևէ խումբ, որը կարող է պահել ձեզ, բացառությամբ Աստծո
    հավերժական զավակը լինելուց: Տերը տեսնում է ձեզ: Դուք անտեսանելի չեք Նրա համար: Նրան դուր են գալիս ձեր

    ջանքերը, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել: Դուք կարևոր եք Նրա համար, և Նա բարձր է գնահատում ձեզ՝ ձեր
    տարօրինակություններով ու անհատականությամբ: Եթե ձեր կյանքը վստահեք Նրան, Նրա ձեռքը կուղղորդի ձեզ ձեր
    ճանապարհի ամեն քայլում, մինչև դուք երջանկություն ու խաղաղություն ձեռք բերեք՝ ձեր սրտի բոլոր
    ցանկություններով:
    Քույր Յուբենկը ցանկանում է շնորհակալություն հայտնել Նյու Յորքի, Տակոմայի և Վաշինգտոնի չափահաս
    երիտասարդներին այս հոդվածում իրենց կարևոր ներդրման համար: