Հինգ խորհուրդ, որոնք կօգնեն գտնել ձեր սերը 

    Նոր Տարին արդեն եկել է և իր հետ նոր հույսեր է բերել, որը մեզանից շատերին մղում է
    խանդավառությամբ նպատակներ դնել, որոնցից ամենատարածվածը նոր սեր գտնելն է: Որպես
    ամուսնության խորհրդատու, վերջին յոթ տարիների ընթացքում ես տեսել եմ շատ հաջողված սիրո
    պատմություններ, ուստի ձեզ եմ առաջարկում իմ հինգ լավագույն խորհուրդներն այն մասին, թե ինչպես
    արդյունավետ փնտրել իսկական, կայուն, սիրառատ հարաբերություններ այս տարի:
    Գործողություններ ձեռնարկեք: Շատ ամուրիներ բավարարված չեն ժամադրության իրենց տարբերակներով,
    սակայն բացառում են լավ թեկնածուներ գտնելու կենսունակ եղանակների մեծ մասը, նշելով, որ
    բավականություն չեն ստանում ամուրիների միջոցառումներից, հիացած չեն երիտասարդ ամուրիների կամ
    միջին տարիքի ամուրիների ծխերով, կասկածանքով են մոտենում առցանց ժամադրություններին, և նրանց
    բարկացնում է ընտանիքի կամ ընկերների միջամտությամբ ծանոթանալու գաղափարը: Ուստի մնում է
    հանդիպել ինչ-որ մեկին պատահաբար, ճակատագրի բերումով, կամ ինչպես ոմանք սխալմամբ ենթադրում
    են՝ աստվածային միջամտությամբ: Այնպես, ինչպես միսիոներները չեն նստում իրենց տներում՝ սպասելով,
    որ դարձի եկողները կգան իրենց մոտ, այնպես էլ Տերն է ակնկալում, որ մենք անենք մեր բաժինը
    ժամադրության և ամուսնության հարցում, նույնիսկ, եթե այդ գործընթացը միշտ չէ, որ հարմար է:
    Եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ: Չնայած որոշ ամուրիներ ունեն հատկանիշների և
    առանձնահատկությունների ցուցակ, որոնք փնտրում են ապագա ամուսնու կամ կնոջ մեջ, սակայն ոչ
    բոլորն են կենտրոնանում իրենց մեջ այդ որակների զարգացման վրա: Իհարկե, լավ կլիներ, եթե բոլորը
    մեզ դուր գային, բայց այս մահկանացու աշխարհի իրականությունն այն է, որ ֆիզիկական գրավչությունը
    մեծ նշանակություն ունի մարդկանց մեծ մասի համար, երբ խոսքը վերաբերում է ժամադրությանն ու
    ամուսնությանը: Հաշվի առնելով այս ճշմարտությունը, ճիշտ կլիներ վերլուծությունների և կարծիքների
    միջոցով որոշել՝ արդյո՞ք դուք հապապատասխան զույգ եք այն մարդու համար, ում ցանկանում եք գտնել:
    Եթե ոչ, ապա կա՞ն փոփոխություններ, որոնք դուք կարող եք և ցանկանում եք կատարել, կամ կարո՞ղ եք
    դուք հարմարեցնել ձեր ակնկալիքները՝ փոխարենը գտնելով ավելի իրատեսական զույգ:
    Ճանաչեք Հոգուն և հակառակորդին: Որպես հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ, դուք չեք խախտում
    պատվիրանները, ինչը ձեզ կհեռացնի հավերժական ամուսնությունից, ուստի հակառակորդը կենտրոնանում
    է վախ, կասկած և շփոթմունք սերմանելու վրա, որը ձեզ հեռու կպահի ձեր արդար ցանկությունների
    իրականացումից: Երբ այս խավարի մեգը հայտնվում է, հասկացեք, թե դա ինչի համար է, և իմացեք, որ
    առջևում պայծառ օրեր կլինեն: Ծրագիր կազմեք, թե դուք ինչպես պետք է վարվեք այդ դեպքերում և
    ինքներդ կրկին դուրս եկեք դժվարին իրավիճակից:
    Բացասական զգացումները, ինչպես օրինակ՝ սեփական ուժերին չհավատալը, անհանգստությունը կամ
    հոռետեսությունը հաճախ սխալմամբ ընդունվում են որպես Հոգու զգուշացումներ, ստիպելով մեզ խզել

    հարաբերությունները կամ չժամադրվել ինչ-որ մեկի հետ: Մինչդեռ կան հանգամանքներ, երբ Հոգին խոսում
    է մեզ հետ, ու մենք խաղաղություն ենք զգում մեր սրտում:
    Ինքներս մեզ համար անձնական հայտնություն ստանալու գործընթացում մենք պետք է հասկանանք այն մեր
    սրտում, որոշում կայացնենք՝ հիմնվելով մեր ունեցած տեղեկության վրա, իսկ հետո հարցնենք Տիրոջը՝
    արդյո՞ք մեր որոշումը ճիշտ է (տես  ՎևՈւ 9.8 ): Այս գործընթացի միջոցով է, որ մենք կարող ենք սովորել
    վստահել Նրան և մեզ՝ մեր կյանքի ամենակարևոր որոշումը կայացնելիս, ներառյալ հավերժական
    ամուսնությունը:
    Եղեք վստահ և ընկալունակ: Ամենացանկալի հատկանիշներից մեկը, որ կանայք և տղամարդիկ ուզում են
    ունենալ, վստահությունն է: Ընկալունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ վստահություն և
    քաջություն, և երբ մենք անկեղծ ենք ինչ-որ մեկի հետ, ում վստահում ենք, դա կարող է հանգեցնել ճիշտ
    հարաբերության, որը ռոմանտիկ համակրանքի կարևոր մասն է կազմում: Փաստորեն, մարդկանց մեծ մասը
    համաձայն է, որ որքան էլ սկզբում ֆիզիկապես գրավիչ լինեն ինչ-որ մեկի համար, այն աճում կամ
    թուլանում է՝ կախված հուզական կապի մակարդակից, որը նրանք զգում են, երբ կառուցվում են
    հարաբերությունները:
    Որպեսզի իրականացնեք կապը և լինեք ընկալունակ, կարևոր է սովորել, թե ինչպես կիսվել ձեր
    մտածածով, զգացումներով և կարիքներով՝ համաձայն հարաբերություների տվյալ փուլի: Դա չի
    նշանակում, որ պետք է կիսվեք ձեր բոլոր գաղտնիքներով կամ բացեք ձեր հոգին առաջին ժամադրության
    ժամանակ: Կարևոր է սովորել կիսվելու արվեստը՝ ինչ, երբ, ում հետ, որպեսզի ստեղծեք այնպիսի կապ,
    որը կխորացնի հարաբերությունը:
    Կայծին բռնկվելու հնարավորություն տվեք: Շատ տղամարդիկ և կանայք ակնկալում են ապշեցուցիչ
    համակրանք զգալ առաջին ժամադրության ժամանակ կամ նույնիսկ նախքան ինչ-որ մեկի հետ հանդիպման
    գնալը: Սովորաբար, տղամարդիկ և կանայք մեծ ոգևորություն չեն զգում առաջին (կամ հետագա)
    հանդիպման ժամանակ: Ես քաջալերել եմ անհամար զույգերի շարունակել գնալ ժամադրության այնքան
    ժամանակ, մինչև նրանք հասկանան, որ դիմացինը համատեղելի է իրենց հետ: Այդ նույն զույգերից շատերը
    երկար ժամանակ հանդիպել են, ապա ամուսնացել և հրաշալի հարաբերություններ ստեղծել: Անմիջապես
    կայծ զգալը հաճախ անիրականանալի ակնկալիք է: Ճիշտ կապերն ու հարաբերությունները ստեղծվում են
    ջանքերի ու զոհաբերությունների շնորհիվ:
    Ուստի նոր մոտեցում ցուցաբերեք ժամադրությանը 2019 թվականին և կիրառեք այս խորհուրդները ձեր
    հավերժական զուգընկերոջը գտնելու համար: 2019 թվականին ցանկանում եմ ձեզ հաճելի
    ժամադրություններ: